Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում վերաինտեգրման ուղղորդման կենտրոն է ստեղծվել. Միգրացիոն պետական ծառայության ղեկավար

11.03.2014, 15:52
Երևանում վերաինտեգրման ուղղորդման կենտրոն է բացվել։
Հայաստանում վերաինտեգրման ուղղորդման կենտրոն է ստեղծվել. Միգրացիոն պետական ծառայության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում վերաինտեգրման ուղղորդման կենտրոն է բացվել։

Կենտրոնը, որը ստեղծվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, կգտնվի ՀՀ տարածքային կառավարության նախարարության Միգրացիոն պետական ծառայության շենքում։

«Հայրենիք վերադառնալուց հետո Հայաստանի շատ քաղաքացիներ բախվում են փոխված իրականության հետ։ Բացի այդ, նրանցից շատերը երկար տարիների ընթացքում բնակվելով հայրենիքի սահմաններից դուրս` հաճախ կորցնում են իրենց սոցիալական կապերը, ինչպես նաև ենթարկվում են բազմաթիվ սթրեսների։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ նրանցից շատերը կրկին որոշում են լքել հայրենիքը` այդ նպատակի համար օգտագործելով ցանկացած միջոց։ Այդ պատճառով չափազանց կարևոր է նրանց վերադարձից հետո լինել նրանց կողքին` աջակցություն ցուցաբերելով», – կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ավելի քան մեկ տարի գտնվել են հայրենիքի սահմաններից դուրս և դիմել են կենտրոնի օգնությանը վերադառնալուց հետո կես տարուց ոչ ուշ։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Եգանյանը տեղեկացրել է, որ ամեն օր կենտրոնը կարող է սպասարկել միջինը մոտ տասը մարդու։ Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ կենտրոնի ծառայություններից կարող է օգտվել հայրենիք վերադարձած շուրջ 1600 քաղաքացի։

Նա նաև տեղեկացրել է, որ կենտրոնը ստեղծվել է Ֆրանսիայի իմիգրացիոն և ինտեգրացիոն գործակալության (OFII) կողմից իրականացվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում` ԵՄ-Հայաստան Շարժունակության շուրջ գործընկերության հիման վրա։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նշել է, որ կենտրոնում նախատեսվում է անցկացնել անհատական խորհրդատվություններ հայկական հասարակություն վերաինտեգրման աջակցության հարցում։

«Այն քաղաքացիների համար, ովքեր հայրենիք վերադառնալուց հետո բախվել են լեզվի խնդիրների հետ, կկազմակերպվեն լեզվի հատուկ դասընթացներ, որոնք, արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունների համաձայն` կանցկացվեն Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում», – ասել է նա։

ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև նշել է, որ նոր կենտրոնը կգործի «մեկ պատուհանի» սկզբունքով, և ամեն այցելուի կտրամադրվի վերաինտեգրման հնարավորությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն։

Նրա խոսքերով` կենտրոնը տեղեկատվություն կտրամադրի նաև միգրանտների աջակցության հարցում ԵՄ ընթացիկ ծրագրերի մասին։–0–