Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացրել է «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին փողոցները նորից փակելու դեպքում պատասխանատվություն կրելու մասին

11.04.2014, 15:53
ՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացրել է «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին այն մասին, որ քաղաքային տրանսպորտի երթևեկությանը կրկին խոչընդոտելու դեպքում նրանք կենթարկվեն պատասխանատվության։
ՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացրել է «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին փողոցները նորից փակելու դեպքում պատասխանատվություն կրելու մասին
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացրել է «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին այն մասին, որ քաղաքային տրանսպորտի երթևեկությանը կրկին խոչընդոտելու դեպքում նրանք կենթարկվեն պատասխանատվության։

«Դեմ եմ» շարժման ակտիվիստները, ով դեմ են Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, ապրիլի 9–ին ակցիա անցկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի առջև։ Ակտիվիստները պահանջում էին էլեկտրոնային հաշվետվություններից հանել պարտադիր կուտակային կենսաթոշակային փոխանցումների մասին կետը, որպեսզի գործատուները հնարավորություն ստանա չփոխանցել կենսաթոշակային վճարները։ Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները փակել էին Նալբանդյան փողոցի երթևեկությունը։

«Հիշեցնենք, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ», – նշում է դատախազության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հավաքներ և երթեր անցկացնելու` քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների կոպիտ և միտումնավոր խախտումներով:

«Առավել ևս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը և այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու և այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու:    

Ապրիլի 12–ին Երևանում պետք է կայանա «Դեմ եմ» շարժման ևս մեկ ակցիա։

«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն` աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս. բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար), կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0-