Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ԱՄՆ դեսպանությանը մտահոգել են այն տեղեկությունները, որ Երևանում ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել

23.06.2015, 20:48
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությանը մտահոգել են տեղեկություններն այն մասին, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել, նշվում է դիվանագիտական ներկայացուցչական հայտարարության մեջ։
ԱՄՆ դեսպանությանը մտահոգել են այն տեղեկությունները, որ Երևանում ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությանը մտահոգել են տեղեկություններն այն մասին, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել, նշվում է դիվանագիտական ներկայացուցչական հայտարարության մեջ։

«Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից», – նշում են դեսպանատնից։

«Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները», – նշվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ դեսպանությունն ընդգծում է, որ կառավարությունը պետք է ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, 25 մարդ դիմել է բժշկական օգնության։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–