Ամսական 500 դրամ՝ առողջապահության համար. ՀՀ-ն կնվազեցնի առողջության ապահովագրության՝ բնակչության ֆինանսական բեռը
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկման շրջանակում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն շահառուներին, որոնք ստանում են 200 000 դրամ և ավելի աշխատավարձ։ Ընդգծվել է, որ 2027 թ.-ի հունվարի 1-ից նրանք վճարելու են փաթեթի տարեկան գումարը, իսկ 2026 թ.-ի ընթացքում տարբեր վերաբաշխումների արդյունքում իրենք այս ծախսը չեն կատարելու և երկարաժամկետում էլ այնպիսի համակարգեր պետք է ստեղծվեն, որպեսզի նրանք այս ծախսը կամ քիչ զգան, կամ չզգան:
Նշվել է, որ կրճատվելու են «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները, քանի որ վերլուծությունները ցույց են տվել, որ հիմնադրամն արդեն իսկ բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի այդ միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ վերադարձ է կատարվում նախկին 1000 դրամին՝ 5500 դրամի փոխարեն և ավելացած գումարն ուղղվելու է առողջության ապահովագրության համակարգին:
Որպես այլ գործիք, նշվել է սոցիալական կրեդիտների հնարավորությունը, համընդհանուր հայտարարագրումը։
«Եվ այս մասով էլ 200-500 հազար դրամ ստացողների համար, պարոն վարչապետ, Ձեր հանձնարարությամբ նաև փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը առողջապահության ուղղությամբ և ամսական թույլ ենք տալու 6000 դրամ հետ ստանալ սոցիալական կրեդիտներից: Այսինքն՝ այստեղ 4500 դրամ և 6000 դրամը, ըստ էության, ծախսը, այդ բեռը քաղաքացին չի զգալու: Քաղաքացին 500 դրամ է վճարելու»,- մանրամասնել է Անահիտ Ավանեսյանը։
Հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում լինելու են սկրինինգային ծրագրեր, որոնք լինելու են պարտադիր և ամենամյա: Ընդգծվել է, որ սա նաև կնպաստի առողջության հանդեպ նոր մշակույթի ձևավորմանը՝ կանխարգելել և հայտնաբերել հիվանդությունը վաղ ախտանիշների շրջանում:
Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է ընտրվել 200 000 դրամ աշխատավարձի շեմը։
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 200 000 դրամից ներքև աշխատավարձով սեգմենտում աշխատավարձի ստվերն ամենաշատն է: Եվ մենք սրանով լրացուցիչ խթան ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիները նաև իրենց գործատուներից պահանջեն, որ իրենց աշխատավարձերը ճշգրիտ ֆիքսվի, որպեսզի իրենք մտնեն համակարգի մեջ: Եվ սա մի ուղերձ է, որ ես ուզում եմ անպայման մեր քաղաքացիները լսեն: Հետագայում արդեն, իհարկե, պլանավորում ենք, բայց սա քաղաքական հարց է, որովհետև լրացուցիչ խթան պետք է տանք, որպեսզի աշխատավարձի ստվերային հատվածը կրճատվի և մարդիկ գան և այդ 200 000 շեմից ավելի շեմում սկսեն աշխատել, որպեսզի համակարգից օգտվեն»,-ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ համակարգը զգալիորեն կփոխի առողջապահության ոլորտում իրավիճակը և կազդի նաև երկրի տնտեսության վրա։