Առաջարկվում է 27-37 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից․ նախագիծ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է 27- 37 տարեկան քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրանք կամովին վերադառնան ՀՀ և ընտրեն հետևյալ տարբերակներից մեկը.
«Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով, 2-րդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, 3-րդ` ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ, 4-րդ` ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ և 5-րդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ», - նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս արտասահմանում բնակվում և հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 1200 քաղաքացի, ոորնց 27 տարին լրացել է նախորդ օրենքի ընդունումից հետո, և նրանք չեն վերադառնում Հայաստան՝ 2-ից 5 տարի ազատազրկվելու վտանգի պատճառով։
Ըստ Սարգսյանի՝ այդ ամենից հսկայական վնասներ է կրում նաև պետությունը։
«Քրեակատարողական հիմնարկում 1 անձի պահման միջինացված, ամսական, ուղղակի և անուղղակի ծախսերը կազմում են 437,900 դրամ։ Եթե վերադարձող անձինք դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից ամեն մեկի պահման վրա պետք է ծախսի 15 միլիոն 764 հազար 400դրամ, այսինքն` եթե բոլոր 1200–ն էլ ինքնակամ վերադառնան և դատապարտվեն, պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 միլիարդ դրամ», - նշել է Սարգսյանն՝ ընդգծելով, որ այս օրենքով առաջարկվում է այս հարցը մեկընդմիշտ լուծել, որպեսզի շահեն և այդ տղաները, և պետությունը։
Պատգամավորի խոսքով՝ իր նախորդ օրենքի ընդունումից հետո (ծառայությունից ազատում կամ ժամկետի կրճատում գումարի դիմաց, խմբ․)` 2024թ փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1–ը օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացիներ, որոնք վճարել կամ ծառայել են Զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում, պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2 միլիարդ դրամ կամ 5 միլիոն դոլար գումար։
Ըստ Սարգսյանի՝ այս նախագծի ընդունմամբ կվերականգնվի քաղաքացիների կապը հայրենիքի հետ, կհամալրվի պահեստազորը, իսկ բյուջե մուտքագրված միջոցները կծառայեն պետության կարիքներին։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, այն կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։