Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային գրանցմամբ. հայտնի են համակարգի գործարկման ժամկետները

18.04.2019, 15:44
Հայտնի է առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի գործարկման ժամկետը։
Առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային գրանցմամբ. հայտնի են համակարգի գործարկման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2019-20 ուսումնական տարվանից սկսած Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից կողմից մշակվել է առցանց համակարգ։

Ինչպես նշվում է Կրթության և գիտության նախարարության Facebook–ի էջում, համակարգը կգործարկվի 2019 թվականի մայիսի 15-ին ժամը 9:00-ին:

Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է մուտք գործել հայտագրման համակարգի էջ, ընտրել համայնքը և դպրոցը։

Հաջորդ քայլն ազատ տեղեր տեսնելիս «ավելացնել հայտ» կոճակը սեղմելն է։ Նախարարությունից նշում են, որ եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց:

Համակարգում գրանցվելու հաջորդ քայլում անհրաժեշտ է մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը: 

Համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։ 

Այնուհետև պետք է ստուգել տվյալները և սեղմել «շարունակել» կոճակը: 

«Էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրել վերևի պատուհանում, մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հատուկ ընդգծվում է, որ սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։

Միաժամանակ, համակարգը հնարավարություն է տալիս սեփական ցանկությամբ չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։ -0-