Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսն ընդհատվել է
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեքշաբթի մամուլի ասուլիս է հրավիրել պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնում, որի ընթացքում ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները։
Հետագա գործունեությունը ներկայացնելուց հետո Թորոսյանը հայտնեց, որ անցնում է հարց ու պատասխանի և պատրաստ է լսել լրագրողներին։ Այդ պահին մանկական ուռուցքաբան, Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար և նախարարի նախկին խորհրդական Գևոգր Թամամյանը խնդրել է լրագրողներին հնարավորություն տալ իրեն մի քանի հարց ուղղել նախարարին։
Նախարարը նշել է, որ Թամամյանն ինքը կարող է ասուլիս հրավիրել և խոսել լրագրողների հետ, ինչից հետո ուռուցքաբանն ասել է, որ նախարարը պարտավոր է պատասխանել իր հարցերին։ Թորոսյանն այդ պահին շարժվել է դեպի դուռը։
Սենյակի մուտքի մոտ լրագրողները խնդրել են նախարարին պատասխանել մի քանի հարցի, և մամուլի ասուլիսը փաստորեն շարունակվել է «կանգնած» ռեժիմով։
Մուտքի մոտ Թորոսյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի, ինչից հետո լքել է դահլիճը, և այս պահին իմպրովիզացված մամուլի ասուլիս է վարում Թամամյանը` ներկայացնելով այն հարցերը, որ ցանկանում էր ուղղել նախարարին։
«Ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից և առողջ բանականությանը նախընտրեցիք ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները»,– նշվում է Թամամյանի գրառման մեջ։
Գևորգ Թամամյանը պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ, Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար, Հայաստանի բժիշկների միության նախագահ:-0-