Ավելի քան 4 մլն դրամ՝ 6 տարվա համար. Թորոսյանը ներկայացրել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստի հաշվարկը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստի տրամադրմանը և մանրամասներ հայտնել։
«Կառավարության նախորդ նիստին մենք վերջնականապես հաստատեցինք երրորդ և հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը: Այն այսուհետ պետական նպաստ է համարվում և վճարվում է երրորդ և հաջորդ երեխային ամսական 50 հազար դրամի չափով մինչև 6 տարեկան», - հայտնել է Թորոսյանը։
Նախարարը ներկայացրել է, թե 1 տարվա ընթացքում նպաստի շնորհիվ որքան գումար է տրամադրվում ընտանիքին, եթե ամսական նպաստի չափը 50 հազար դրամ է:
Թորոսյանը հայտնել է, որ երբ այդ 50 հազար դրամը բազմապատկում ենք 12-ով, տարեկան ստացվում է 600 հազար դրամ, իսկ 600 հազարը բազմապատկում ենք 6 տարով, որը հավասար է 3 միլիոն 600 դրամ, որը, ըստ նախարարի, մի քիչ է փոքր 10 հազար դոլարից։
Նախարարը նաև հայտնեց, որ քանի որ վճարվում է նաև մինչև 20% հետվճար 10 հազար դրամի չափով, այդ 50 հազար դրամը կարող է դառնալ 60 հազար դրամ։
Նրա խոսքով՝ այս եղանակով տարեկան նպաստի չափը իրականում կարող է դառնալ 720 հազար դրամ, իսկ 6 տարվա կտրվածքով՝ 4 միլիոն 320 հազար դրամ, որը մոտավորապես 11 հազար 400 դոլար է։
Ըստ Թորոսյանի՝ սա էական աջակցություն է ընտանիքներին։
«Նպաստի շնորհիվ մենք արդեն ունենք հենց երրորդ երեխաների ծնելիության աճ, ինչը շատ կարևոր է թե՛ ժողովրդագրական իմաստով, թե՛ ընտանիքների համար»,- նշեց նախարարը։
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի մասին
2026թ.-ի փետրվարի 19-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու նոր կարգը, ըստ որի՝ ամսական նպաստի չափը կկազմի 50,000 ՀՀ դրամ: Որոշման համաձայն՝ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը կներդրվի ինքնաշխատ ծրագրային գործիք, որը թույլ կտա նպաստը նշանակել և վճարել առցանց եղանակով՝ հիմնվելով պետական տեղեկատվական շտեմարանների փոխգործակցության վրա:
Այս գործընթացը կնպաստի վարչարարության պարզեցմանը, քաղաքացիների վարչական բեռի նվազեցմանը և մարդկային գործոնի ազդեցության բացառմանը:
Նախատեսվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգով սահմանել շահառու երեխայի կարգաթիվը որոշելու մանրամասն չափանիշները՝ հաշվի առնելով ընտանիքի կառուցվածքը, շահառու երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները), կամ շահառու երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), որոշ պայմանների առկայության դեպքում։
Կարգաթիվը որոշելիս չեն հաշվարկվի շուրջօրյա լրիվ խնամքի հաստատություններում գտնվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցողները:
Տվյալները կստացվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շտեմարաններից՝ ապահովելով գործընթացի առավելագույն թափանցիկություն։