Ավինյանի նոր որոշումը. փոփոխություն է կատարվել անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ օրենքում
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ պարետի նոր որոշման համաձայն փոփոխություններ են նախատեսվել անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ օրենքում: Այս մասին նշվում է կառավարության պաշտոնական կայքում, հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»,- նշվում է տաչածված հայտարարության մեջ։
Որոշման մասին մանրամասնորեն նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական էջում:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Հայաստանում մարտի 26–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք։ Երկու պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–