Ավտոմեքենաների հատուկ թաքստոցներում ոսկյա և արծաթյա զարդերի տեղափոխման փորձ է կանխվել
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Պետեկամուտների կոմիտեն 2017-ի հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք:
Ըստ ՊԵԿ–ի մամուլի ծառայության, այդ խախտումներից 10-ը վերաբերում են ԵՏՄ երկրներից տեղափոխվող բեռներին:
Միաժամանակ, բացահայտված դեպքերից 29-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով:
Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 159 դեպք, որից 23-ը` ԵԱՏՄ բեռների, իսկ 63-ը` թմրանյութերի և հոգեմետ նյութերի վերաբերյալ:
Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում` ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տեխնիկայի, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, բժշկական սարքավորումների, գյուղմթերքի, պարենային, տնտեսական և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր:
Արձանագրվել են նաև չհայտարարագրված կամ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:
Քաղաքացիները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում նախապես պատրաստված թաքստոցներում: