Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում վճարովի ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակահատվածը կերկարացվի

16.06.2014, 12:40
Երևանում վճարովի ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակահատվածը կերկարացվի, տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից։
Երևանում վճարովի ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակահատվածը կերկարացվի
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում վճարովի ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակահատվածը կերկարացվի, տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից։

Երևանում վճարովի ավտոկայանատեղերի ներդրումը ավտոսեփականատերերի դժգոհության պատճառը դարձավ` կայանման գնի և մայրաքաղաքում անվճար կայանատեղերի բացակայության, ինչպես նաև վարորդների նկատմամբ տուգանքների կիրառման հետ կապված։ Բացի այդ, ավտոսեփականատերերը դժգոհում էին խախտումների տեսագրանցման համակարգից, որը, նրանց կարծիքով, անհիմն տուգանքներ էր ներկայացնում։

Ինչպես տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի` նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:

Այսպիսով, հնարավորություն կընձեռվի բոլոր վարորդներին (ներառյալ տաքսիների)՝ նախկինի համեմատ 3 անգամ ավելի երկար ժամանակ ունենալ անվճար կայանելու համար:
Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով կատարելու վճարումները:
Խորհրդարանում հունիսի 11–ին կայացած կառավարական ժամի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը վճարովի ավտոկայանատեղերի «կարմիր գծերի» և ճանապարհային տեսագրության համակարգի վերաբերյալ առաջարկների փաթեթ կներկայացնի խորհրդարանի քննարկմանը։

Նա նաև տեղեկացրեց, որ «կարմիր գծերի»  և ճանապարհային տեսագրության համակարգի հետ կապված հարցերի մի մասը Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ է գտնվում, որը պետք է ինքնուրույն կարգավորի դրանք։

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած մրցույթի արդյունքում` մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերը սարքերով համալրելու աշխատանքներն իրականացնում է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ն` «Լոկատոր» ընկերության հետ համատեղ։ Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ներդրումային ծրագիրը կազմում է 10 մլն դոլար։ Նախատեսվում է, որ մինչև 2014 թ.–ի վերջը կստեղծվի 20 հազար կայանատեղ, որոնք համալրված կլինեն ստացիոնար և շարժական տեսախցիկներով։

Այժմ կայանման առաջին հինգ րոպեն անվճար է, մեկ ժամը կազմում է 100 դրամ, 1 օրը` 500 դրամ, մեկ շաբաթ կայանումը կազմում է 1000 դրամ, մեկ ամիսը` 2000 դրամ, իսկ տարեկան վճարը` 12 հազար դրամ։ ($1 – 411,69 դրամ) –0—