Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Առողջապահության նախարարություն. Արմավիրի մարզում երեք օրում արձանագրվել է աղիքային վարակի 16 դեպք, համաճարակ չկա

18.06.2015, 21:04
Արմավիրի մարզում հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակի 16 դեպք, որից 1-ը Ջրաշեն համայնքից` մահվան ելքով, 1-ը Նորապատ համայնքից` երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Առողջապահության նախարարություն. Արմավիրի մարզում երեք օրում արձանագրվել է  աղիքային վարակի 16 դեպք, համաճարակ չկա
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Արմավիրի մարզում հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակի 16 դեպք, որից 1-ը Ջրաշեն համայնքից` մահվան ելքով, 1-ը Նորապատ համայնքից` երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Հունիսի 18-ի դրությամբ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում փաստացի առկա է 14 հիվանդ, որից 13-ը` 0-18 տարեկան երեխաներ: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը համաճարակաբանորեն կապված չեն միմյանց հետ: Տնային տնտեսություններից վերցված ջրի նմուշներում շեղումներ չկան:

«Համաճարակաբանական հսկողությունը կրկնապատկվել է: Հաշվի առնելով վերոնշյալ դեպքերի շուրջ հասարակական մեծ հետաքրքրությունը` ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա»,– նշվում է հաղորդագրությունում։

Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին, սննդակարգում օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ մրգերը, բանջարեղենը և այլն:

Մսեղիքն օգտագործել միայն պատճաշ եփելուց հետո, սննդամթերքը պահպանել միայն սառնարանային պայմաններում: Խուսափել կրեմային հրուշակեղեն օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում: Աղիքային գանգատների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկական օգնության:

Երեքշաբթի Հայաստանի Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղից չորս տարեկան աղջիկ է մահացել սուր աղիքային ինֆեկցիայի պատճառով։ Նույն օրը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից, մի քանի ժամ անց Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է թեթև։

Այս տարվա մայիսին Արմավիրի մի քանի մանկապարտեզներում գրանցվել են աղիքային ինֆեկցիայի տեղային բռնկումներ, ինչի հետևանքով տասնյակ երեխաներ տեղափոխվել էին հիվանդանոց։ –0–