Այսուհետ փողոցը չնախատեսված հատվածով անցնող հետիոտները կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։ Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։
Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, հայտնում են ՆԳՆ–ից։
Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը մանրամասնում է․ «Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է և կազմում է տասը հազար դրամ»։
Օրենսդրական փոփոխության հիմքում մտահոգիչ վիճակագրությունն է․ միայն 2023 թվականին գրանցվել է վրաերթի 1197 դեպք, որի հետևանքով 108 մարդ է զոհվել։ 2024-ին թեև վրաերթերի թիվը փոքր ինչ նվազել է, սակայն զոհերի թիվը գրեթե նույնն է․ 1079 վրաերթ, 107 զոհ։
Վրաերթերի մեծամասնությունը տեղի է ունենում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու հետևանքով։
Միևնույն ժամանակ, Պարեկային ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են իրազեկիչ միջոցառումներ ու բացատրական աշխատանքներ։
Վարչական պատասխանատվության խստացման նպատակը միտված է նաև այս մեթոդով հնարավոր ողբերգական դեպքերը կանխելուն ու երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելուն։ Ամեն դեպքում չտուգանվելու լավագույն տարբերակը օրենքը չխախտելն է։