ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք նախատեսող օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ-ն չորեքշաբթի կայացած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ՝ Երևանի հասարակական տրանսպորտով երթևեկելիս չվճարելու կամ ուրիշի զեղչված տոմսից օգտվելու համար տուգանքներ սահմանելու մասին։
Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում։
Փոփոխություններին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 27-ը։ Ձեռնպահներ չեն եղել։
Տուգանքների մասին
Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում և կրել վարչական պատասխանատվություն։
Օրենքի նախագծով առաջարկվում է տարբեր խախտումների համար սահմանել 3, 10 և 15 հազար դրամի չափով տուգանքներ։
Այսպիսով, 3 000 դրամ տուգանք է նախատեսվում տրանսպորտից օգտվելիս տոմսը կամ կրիչը չվավերացնելու համար, 10 000 դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու համար և 15 000 դրամ՝ ուրիշի զեղչված տոմսը օգտագործելու համար։