Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին Հայաստանում կտրամադրվի համակարգված բուժօգնություն

11.03.2015, 17:40
Հայաստանի տարածքում բնակվող 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին կտրամադրվի համակարգված բուժօգնություն, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին Հայաստանում կտրամադրվի համակարգված բուժօգնություն
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքում բնակվող 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին կտրամադրվի համակարգված բուժօգնություն, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում այս պահին բնակվում է 1915 թ.–ի ցեղասպանությունը վերապրած 37 մարդ, որոնցից 29–ը կանայք են և 8–ը` տղամարդիկ։

«ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիա է ստեղծվել, որը կօգնի Հայոց ցեղասպանության ականատես–վերապրողներին օգնության և բուժսպասարկման հարցերում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած բժշկական խումբը մարտի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ ականատես-վերապրողներին: Կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ մասնավորապես` ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն:
    
Հետազոտությունների արդյունքների հիման վրա ականատես-վերապրողների բժշկական անձնագրեր կստեղծվեն: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական, իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո: Կկազմակերպվեն նաև մասնագետների համայցեր:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված միջոցառումների շնորհիվ 2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրող, 102-ամյա Սիլվարդ Ատաջյանի ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում:

Առաջիկայում կստեղծվի նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու հանձնաժողով:

Հայոց ցեղասպանության ականատեսներ-վերապրողների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռ 2014թ.–ին։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-