Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-14

Չեխիայում մեկնարկել է նույնականացման քարտերի հումքի արտադրությունը

19.11.2025, 17:17
Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր
Չեխիայում մեկնարկել է նույնականացման քարտերի հումքի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս և հաստատել նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։

Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։

Նախարարին է ներկայացվել սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղություններն ու տեխնիկական լուծումները, անդրադարձ է կատարվել նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ իրավիճակին, զարգացման գործընթացին, սպասվող նորարարություններին։

Նախարարը ծանոթացել է ինչպես նույնականացման քարտերի, այնպես էլ անձնագրերի տպագրության բուն գործընթացին՝ նշելով, որ առաջնահերթություն է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցումը։

Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ գործադրում է առավելագույն ջանք խոստացված ժամկետում՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում, կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսելու համար։

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունը ինքնության կառավարման ենթակառուցվածքում նորարարական լուծումների ներդրման և փաստաթղթային անվտանգության մասով և ընդգծել, որ այն էական դեր ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։