Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Դեկտեմբերին Երևանում հաշմանդամների համար աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի

03.12.2012, 14:45
Դեկտեմբերի 14-ին Երևանում հաշմանդամների համար աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի, Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Զբաղվածության խթանման միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի մակարդակի բարելավում» LIFE ծրագրի (Livelihood Improvement through Fostered Employment - LIFE) տնօրեն Ջինա Սարգիզովան:
Դեկտեմբերին Երևանում հաշմանդամների համար աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 14-ին Երևանում հաշմանդամների համար աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի, Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Զբաղվածության խթանման միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի մակարդակի բարելավում» LIFE ծրագրի (Livelihood Improvement through Fostered Employment - LIFE) տնօրեն Ջինա Սարգիզովան:

Ըստ նրա՝ ծրագրի շրջանակներում կազմակերպվող տոնավաճառը կոչված է օգնելու սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց հասարակությունում ինտեգրվելու և աշխատանք գտնելու հարցում:

Ներկայացնելով ծրագրի գործունեության արդյունքները` Սարգիզովան նշեց, որ LIFE-ի հիմնական նպատակն է նրանց հնարավորությունների գնահատականի ճանապարհով հաշմանդամների անհատական զարգացումը, հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելը:
 
«Մեր ծրագիրը կիրականացվի 2012-2015 թթ.-ին: LIFE-ի շրջանակներում արդեն 184 հաշմանդամ է մասնակցել աշխատանքային ունակությունների բարձրացման դասընթացներին, որից հետո աշխատունակ անձինք գրանցվել են աշխատանքի տեղավորման գործակալություններում»,- ասաց ծրագրի տնօրենը:

Նա նշեց նաև, որ  հաշմանդամություն ունեցող 53 դեռահասներ ընդունվել են երկրի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Նաև 60 մարդ է աշխատանքի տեղավորվել հայ գործատուների հետ կայացած կլոր սեղանների արդյունքում:

Սարգիզովան տեղեկացրեց, որ աշխատանքի տեղավորված 17 հաշմանդամների համար տեղում աշխատելու համար պայմաններ են ստեղծվել:

Ինչպես իր հերթին նշեց USAID երևանյան գրասենյակի ղեկավար Կարեն Հիլիարդը, հաշմանդամներն իսկապես կարող են մեծ ավանդ ունենալ երկրի և հասարակության զարգացման հարցում:

«Մենք պետք է Հայաստանում միասին հավասարություն ստեղծենք երկրի հասարակության բոլոր անդամների՝ մասնավորապես հաշմանդամների համար»,- ասաց Հիլիարդը:

Ծրագրի շրջանակներում նաև անցկացվել է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց աշխատանքների ցուցահանդեսը:

Բացի այդ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» կարգախոսով քարոզարշավ է իրականացվել:

«Քարոզարշավն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում և կոչված է եղել խթանել իրավահավասարությունը հաշմանդամների համար աշխատանքի տեղավորման ոլորտում: Քարոզարշավի շրջանակներում կազմակերպվել են քննարկումներ, կլոր սեղաններ, ասուլիսներ և աշխատանքի տոնավաճառներ»,- հայտնեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը:

LIFE ծրագիրն իրականացնում է «Save the Children» միջազգային կազմակերպությունը՝ Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալության ֆինանսավորմամբ (USAID): Ծրագրի ռազմավարական խնդիրը հաշմանդամության աստիճան ունեցող Հայաստանի քաղաքացիներին աշխատանքով ապահովելու համար մոդելի մշակումն է: Ծրագրի գործընկերներն են, մասնավորապես, «Ակտիվա» միջազգային հիմնադրամը, ինչպես նաև «Ունիսոն» և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունները: Ծրագիրն անցկացվում է Երևանի տասը վարչական շրջաններում, ինչպես նաև Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում:

1992թ.-ից ողջ աշխարհում դեկտեմբերի 3-ին նշում են Հաշմանդամների միջազգային օրը:  2006թ.-ին Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիային: -0-