Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՌԴ ԴՄԾ հետ պայմանագիրը թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանում աշխատել առանց հավելյալ վարչական արգելքների

10.04.2014, 20:28
Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների միջև ստորագրած պայմանագրի համաձայն, հայ քաղաքացիները հնարավորություն կստանան աշխատելու Ռուսաստանում առանց լրացուցիչ վարչական արգելքների և թղթաբանության, ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
ՌԴ ԴՄԾ հետ պայմանագիրը թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանում աշխատել առանց հավելյալ վարչական արգելքների
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների միջև ստորագրած պայմանագրի համաձայն, հայ քաղաքացիները հնարավորություն կստանան աշխատելու Ռուսաստանում առանց լրացուցիչ վարչական արգելքների և թղթաբանության, ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակում ապրիլի 8–ին Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները փաստաթուղթ են ստորագրել, որով կկարգավորվեն հայ միգրանտների` ՌԴ–ում մնալու և աշխատանքային գործունեություն ծավալելու հարցերը։

«Այդ պայմանագիրը տարածվում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, և ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման մի մասն է։ Հավանաբար, այդ համաձայնագրերը կսկսեն գործել 2015 թվականի հունվարի 1–ից` Միասնական տնտեսական տարածքում Հայաստանի ընդգրկվելուց հետո։ Այնուամենայնիվ, հնարավոր է, պայմանագրից բխող իրավական ակտերը մշակվեն և ավելի վաղ ընդունվեն»,– հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Եգանյանը։

Սակայն, նրա խոսքով, պայմանագիրը չի հանում ՌԴ–ում օտարերկրացի քաղաքացիների` մնալու հիմնավորման բացակայության դեպքում 90 օր անընդմեջ և 180 օր տարվա ընթացքում մնալը սահմանափակող օրենսդրական փոփոխությունները։

Տարեսկզբից Ռուսաստանում ուժի մեջ են մտել «ՌԴ մուտքի և ելքի մասին» և «ՌԴ–ի օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքները, որոնց համաձայն` սկսած 2014 թվականի հունվարի 1–ից ՌԴ տարածք առանց մուտքի արտոնագրի իրավունքի մուտք գործելու թույլտվություն ունեցող երկրների (այդ թվում` Հայաստանի), քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել 90 օր` 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22–ին հայտարարել է, որ Մաքսային միությանը միանալու բանակցությունների ընթացքում Հայաստանի համար հնարավոր են ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխություններ։Նմանատիպ առաջարկով իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին դիմել է նաև Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։  

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ Հայաստանի կառավարությունը «ճանապարհային քարտեզը» հրապարակել է փետրվարի 3–ին։ -0-