Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանն ապահովագրված չէ ուժեղ ջրհեղեղից` քաղաքաշինական չափանիշներին չհետևելու հետևանքով. փորձագետ

19.06.2015, 15:47
Երևանում հնարավոր է այն արտակարգ իրավիճակի կրկնությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում տեղատարափ անձրևներից հետո, քաղաքաշինական աշխատանքներ իրականացնելիս չափանիշներին չհետևելու հետևանքով, ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։
Երևանն ապահովագրված չէ ուժեղ ջրհեղեղից` քաղաքաշինական չափանիշներին չհետևելու հետևանքով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հնարավոր է այն արտակարգ իրավիճակի կրկնությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում տեղատարափ անձրևներից հետո, քաղաքաշինական աշխատանքներ իրականացնելիս չափանիշներին չհետևելու հետևանքով, ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

Թբիլիսիում հունիսի 14–ի գիշերը տեղացել էր հորդառատ անձրև, որն ուղեկցվել էր կարկուտով և քամով։ Բնական աղետի հետևանքով վնասվել էին բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքային օբյեկտներ։ Վերջին տվյալներով` աղետի հետևանքով զոհվել է 19 մարդ, շուրջ 300 մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։

«Ողջ խնդիրը սխալ քաղաքաշինությունն է, որն իրականացվել է Հայաստանի անկախանալուց հետո։ Երևանում ժամանակին եղել են երկու ջրանցքներ` անձրևաջրերի հեռացման համար` Հրազդան գետը և նրա վտակ Գետառը, որոնք այսօրվա դրությամբ կառուցապատվել են ճանապարհներով, սրճարաններով, ռեստորաններով և այլն»,– պարզաբանեց Դանիելյանը։

Փորձագետը նշում է, որ իրավիճակը խորանում է նաև նրանով, որ մայրաքաղաքի դրենաժային համակարգն այսօրվա դրությամբ վատ վիճակում է։ Որոշ վայրերում այն գրեթե չի գործում։

Բնապահպանը համոզված է, որ հրատապ խնդիրների լուծման համար, առաջին հերթին, պետք է քաղաքական կամք, ինչպես նաև հասարակության մեջ բնապահպանական մշակույթի ներմուծում` ողջ աշխարհում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների լույսի ներքո։

Իր հերթին ջրաբան Ռոլանդ Մանուկյանը նշեց, որ Երևանի Ավան–Առինջ շրջանում գտնվող լճակը, որը նախկինում կատարել է սելավատարի գործառույթ, նույնպես կառուցապատված է։

«Այստեղ մի ողջ գյուղ են կառուցել։ Գրեթե ողջ լիճը փակ է»,– նշեց Մանուկյանը։

Դրա հետ կապված ջրաբանը հավելեց, որ այս հարցով ինքը բազմիցս դիմել է տարբեր մակարդակների տարբեր ատյաններ, սակայն չի հասել որևէ արձագանքի։

Փորձագետները համոզված են, որ տարերային աղետի վտանգը հորդառատ անձրևների դեպքում բարձր է նաև Հայաստանի այլ քաղաքներում։ Դրա պատճառը, նրանց համոզմամբ, շատ տարածքներում անտառահատման պատճառով սողանքների սպառնալիքն է։--0--