Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Կառավարության երեկվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազությունից։
Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով 5 հողատարածք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար:
Այսպիսով, բոլոր 5 հողատարածքներն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը:
Հիշեցնենք, կառավարության օգոստոսի 7-ի նիստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված վերոնշյալ տարածքներում անտառ հիմնել։
Այսպես, ՀՀ-ի սեփականության իրավունքը վերականգնված 4 հողատարածքներից՝ առաջինը 366 մլն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 1 հա մակերեսով հողամաս է, երկրորդը՝ 254 մլն դրամ արժեքով 0,6 հա մակերեսով, երրորդը՝ 654 մլն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով, չորրորդը՝ 646 մլն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է: Վարդապետյանն ասել է, որ գրություն է հասցեագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին՝ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնված այս 4 հողամասերի վերաբերյալ: «Գրությամբ առաջարկվել է նշված հողամասերի ոռոգման համակարգն ապահովելուց հետո, այդ տարածքում հիմնել Երևանի բնակիչների կյանքի որակը բարձրացնող «թթվածնային գոտի»՝ անտառ»,-նշել է նա։