Երևանում կանցկացվի «Գիտության շաբաթ. Հայաստան 2025»-ը՝ դպրոցականների և մանկապարտեզների սաների ներգրավմամբ
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կմեկնարկի «Գիտության շաբաթ. Հայաստան 2025» միջոցառումը։ Այն կանցկացվի մինչև հոկտեմբերի 5-ը։
«Մեր նպատակն է երկարաժամկետ կտրվածքում կարողանալ ինստիտուցիոնալ գործիքակազմով նպաստել, որ հասարակությունը շրջվի դեպի գիտություն, երիտասարդները ցանկանան դառնալ գիտնականներ, ճարտարագետներ, որոնք 21-րդ դարում բարդ խնդիրներ լուծող մասնագետներ են։ Եթե մենք այս ուղղություններով բավարար մասնագետներ չունենք, ուրեմն որպես պետություն մրցունակ չենք։ Տեսնելով, թե ինչպես են զարգացած ու զարգացող պետությունները հանրահռչակում, մենք մշակեցինք «Գիտության շաբաթ»-ի նախագիծը»,- ասել է «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը։
Մարգարյանի խոսքով, ընդհանուր ծրագիրը բաժանված է 3 թեմատիկայի։
«Առաջինի պարագայում գիտական ինստիտուտները ցույց են տալու գիտության կարևորությունը՝ կապված տարբեր ոլորտների հետ՝ բնապահպանությունից մինչև անվտանգություն։ Երկրորդ հատվածում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա։ Երրորդ հատվածի հիմքում գիտաֆանտաստիկան է։ Միջոցառմանը նախատեսվում է ընդգրկել 300-ից 400 դպրոց և մանկապարտեզ», - նշել է Մարգարյանը։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ընդգծել է, որ միջոցառումը նպատակ ունի մեծացնել հանրային հետաքրքրությունը գիտության նկատմամբ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ մակարդակով։
«Ուսումնական հաստատությունների համար մշակված են տարբեր փաթեթներ փորձեր, նախագծեր՝ հետազոտություններ անելու նպատակով։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար այդ փաթեթներն առանձնահատուկ են»,-ասաց Թամար Սարգսյանը», - ասել է Սարգսյանը։
Առաջին Գիտության շաբաթը Հայաստանում անցկացվել է 2024 թվականին «Գիտության ուժը» ծրագրի նախաձեռնությամբ՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Այցելուների թիվը գերազանցել է 20,000-ը, գրանցվել է 192 դպրոց և մանկապարտեզ, իսկ 38 համալսարան, հետազոտական ինստիտուտ և կրթական և տեխնոլոգիական ընկերություն ներկայացրել է իր աշխատանքը։