Երևանում կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, ինչը քաղաքը երբևէ չի ունեցել․ Արեյան
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026թ-ին մայրաքաղաքում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան, ինչը չի ունեցել քաղաքը երբև՝ բացի առկա այն արտաքաղաքային 3 գազաբաշխիչ կայաններից և 1-ը՝ Նուբարաշենում։
Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ընդգծելով, որ 24, 7 կմ-ից 2026 թվականի համար մնում է 7,5 կմ -ն։
«Սա այն ծրագիրն է, որը հաստատվեց 2023 թվականի վերջին, երբ մայրաքաղաքի առջև ծառացել էր ծանրագույն խնդիր․ նորակառույց բազմաբնակարան շենքերը տագնապի մեջ էին, քանի որ չունեին բավարար գազի մատակարարման քանակ», - ասաց Արեյանը։
Նրա խոսքով՝ այս ծրագրի արդյունքում արդեն կա 57,1 կմ ծավալի նոր կառուցված գազի մատակարարման ցանց քաղաքում, իսկ նորակառույց, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ շենքերի խնդրի առջև կանգնելու տագնապը վերացված է։
Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ սա ամենահաջողված կենսապահովման ծրագրերից մեկն է մայրաքաղաքում, և 2026-ին ծրագիրը բարեհաջող կավարտվի։
Ըստ Արեյանի, 2025 թ․–ի համար հաստատվել էր Երևանի արևելյան և հարավային հատվածներում գազամատակարարման նոր ցանցի կառուցման ծրագիրը։ Այն ընդգրկում էր 12 փողոց, 3 վարչական շրջան՝ Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի և մասամբ Նուբարաշեն՝ 24․7կմ։
«Այս պահի դրությամբ աշխատանքներն ավարտված են 9 փողոցներում, 17,1 կմ երկարությամբ։ Վերջին աշխատանքներն են իրականացվում Վարդեաշենում, և ծրագիրը կունենա շարունակությունը 2026թ․–ին՝ 7,5կմ, ներառյալ Նոր Խարբերդ թաղամասը՝ բաշխիչ ցանցով՝ 50կմ, որն ընդգրկում է երեք փողոց՝ Խաչիկ Դաշտենց, Նուբարաշենի խճուղի, Գուրգեն Մահարի։
2026թ․–ին կառուցվելու է Երևանում նոր գազաբաշխիչ կայանը», – նշեց Արեյանը։