Երևանում Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան նոր ճանապարհի կառուցումը կարող է արժենալ մինչև 35,3 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան նոր ճանապարհի կառուցման կապիտալ ծախսերը գնահատվում են 18,7–35,3 մլրդ դրամ։
Այս մասին երկուշաբթի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Անետա Բաբայանը։
ԾԻԳ-ի ծրագրերի նախապատրաստման շրջանակում մշակվել է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան նոր ճանապարհի տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրությունը։
Նախատեսվող շուրջ 3,6 կմ ճանապարհը Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի վերջնամասը կկապի Աճառյան փողոցին՝ Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում, գործող երկաթգծի ուղեգծով։
Նոր կապի նպատակը հարակից փողոցների երթևեկության բեռնաթափումն է, ճանապարհին ծախսվող ժամանակի կրճատումն ու քաղաքային ճանապարհային ցանցի կապակցվածության բարելավումը։
Ըստ ԾԻԳ-ի, ուսումնասիրությամբ համեմատվել են չորս և վեց երթևեկելի գոտիներով վեց տարբերակներ՝ տարբեր մակարդակներով հանգույցների, երկաթգծի ապամոնտաժման կամ վերատեղադրման լուծումներով։ Գնահատվել են դրանց տեխնիկական և տնտեսական ցուցանիշները, ճանապարհային անվտանգությունը, բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները։
Ըստ երթևեկության մոդելավորման՝ տարբերակից կախված՝ նոր ճանապարհը կարող է Աճառյան փողոցի երթևեկության հոսքը նվազեցնել շուրջ 27-35%-ով, իսկ Զաքարիա Քանաքեռցու փողոցինը՝ շուրջ 22–30%-ով։
Բաբայանը նշել է, որ ճանապարհի կառուցման կապիտալ ծախսերը գնահատվում են 18,7–35,3 մլրդ դրամ, որից 63,5–72,8%-ը կկազմեն օտարման ծախսերը։
Նա հայտնել է, որ վերջնական տարբերակը դեռ ընտրված չէ։ Հետագա որոշումների համար առանցքային են երկաթուղու կարգավիճակի հստակեցումը և առաջարկվող լուծումների համակողմանի գնահատումը։
Ծրագրի իրականացման ժամկետները չեն նշվում։