Ֆինանսական խաղեր և ավանդների հատուկ ակցիաներ. Հայաստանում ֆինանսական գրագիտության «թեժ» աշուն է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միությունը կանցկացնի «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» միջոցառումների շարք` բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀԲՄ ղեկավար, Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
«Մեր աշխատանքում մենք համոզվում ենք, որ անհրաժեշտ է բարձրացնել բնակչության լայն շերտերի ֆինանսական գրագիտությունը, քանի որ, հաշվի առնելով ֆինանսական համակարգի արագ զարգացումը, բանկային համակարգում հայտնվում են նոր գործիքներ և ծառայություններ, որոնք հասկանալի չեն սովորական օգտատերերի համար»,– ասաց Հանեսյանը։
Նա նշեց, որ առկա բազմազանության պատճառով սպառողները դժվարանում են իրենց պահանջներին համապատասխանող պրոդուկտի ընտրության հարցում։
«Ֆինանսական գրագիտությունն ազգի ֆինանսական բարեկեցության երաշխավորն է, և ֆինանսապես գրագետ հաճախորդն ավելի հազվադեպ է խարդախների զոհ դառնում։ Ելնելով դրանից` Հայաստանի բանկերի միությունը գործարկում է ծրագիր, որը նախատեսված է բնակչության լայն շերտերի համար, սակայն շեշտը կդրվի երիտասարդ պոտենցիալ հաճախորդների, ուսանողների, լրագրողների վրա, ինչը թույլ կտա բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը»,– ընդգծեց Հանեսյանը։
Նրա խոսքով, միջոցառումների շրջանակում կանցկացվեն թատերականցված ներկայացումներ, խաղեր, կտրամադրվեն խրախուսիչ մրցանակներ, հեռուստատեսությամբ կցուցադրվեն բնակչությանը հասկանալի լեզվով բանկային զանազան ծառայությունները ներկայացնող հաղորդումներ և տեսահոլովակներ։
«Ծրագիրը նախատեսված է մինչև տարեվերջ, սակայն հույս ունեմ, որ այն շարունակական կլինի նաև հաջորդ տարիներին գործընկերների հետ համատեղ»,– ասաց Հանեսյանը։
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ ֆինանսական գրագիտության բարձրացումը նպաստում է համակարգի զարգազմանը, իսկ մյուս կողմից օգնում է ընտրել անհրաժեշտ պահանջները բավարարող լավագույն պրոդուկտը։
Բացի այդ, որքան ավելի բարձր է ֆինանսական գրագիտությունը, այնքան ավելի ցածր է ֆինանսական միջնորդների ծառայությունների պահանջարկը, ինչը թույլ է տալիս կրճատել միջոցներ և ժամանակ, ինչպես նաև հնարավոր ռիսկերը։
«Ողջ աշխարհում վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդների դժգոհությունը պայմանավորվա է ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով` որքան բարձր է մակարդակը, այնքան ավելի քիչ են դժգոհությունները։ Կարևոր է նաև, որ մարդիկ հասկանան ֆինանսական գործարքների հետևանքները, քանի որ շատերը ֆինանսական գործառնություններ են իրականացնում` չհասկանալով հնարավոր հետևանքները»,– ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ ծրագրի շրջանակում արդեն Արցախի 70 երեխաներ արձակուրդներ են անցկացրել Լոռու մարզի պանսիոնատում, մասնակցել են ֆինանական տարբեր խաղերի, ֆինանսական գրագիտության դասընթացների։
Երկրորդ միջոցառումը լրագրողների համար սեմինարների անցկացումն է, որոնց միջոցով նրանք իրենց նյութերի միջոցով կարողանան օգնել քաղաքացիներին ճիշտ կողմնորոշվել ֆինանսների հարցում։
Աշնան ծրագրերում ընդգրկված է նաև ֆինանսական դասընթացների անցկացումն ուսանողների համար, որոնք կանցկացնեն բանկային համակարգի լավագույն փորձագետները։ Երկրորդ թիրախային խումբը Երևանի և մարզերի ավագդասարանցիներն են, որոնք կայցելեն բանկեր, կծանոթանան նրանց գործունեության և գործառույթների հետ։
Ծրագրվում է նաև նրանց համար անցկացնել ուսուցողական ֆինանսական խաղեր, կանցկացվեն «Ապագայի բանկն` իմ պատկերացմամբ» շարադրությունների և տեսահոլովակների մրցույթներ, իսկ ուսանողների համար` բիզնես պլանների կազմման մրցույթ։
«Հոկտեմբերի 31–ին` Խնայողությունների օրը, հայկական բանկերը հանդես կգան փոքր գումարով բարձր տոկոսներով ավանդների իրականացման հնարավորության առաջարկություններով, ինչպես նաև կանցկացվի ցուցահանդես, վարպետության դասեր և սեմինարներ, զանազան մրցույթներ»,– ասաց Սարգսյանը։
Աշնանը կանցկացվի նաև հեռուստահաղորդումների և տեսահոլովակների շարք, որոնցում կներկայացվեն բանկային տարբեր ծառայություններ, ֆինանսական հարցեր, որոնք առավել հետաքրքրություն են առաջացնում բնակչության շրջանում։ Ամենապատանի սպառողների համար նախատեսված են թատերականացված ներկայացումներ։
Միջոցառումների շարքը կավարտվի ֆինանսական գրագիտության թեմայով վերլուծական հոդվածների լավագույն հեղինակների պարգևատրմամբ։ Դրանք կհանձնվեն հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր և էլեկտրոնային մամուլում տեղ գտած հրապարակումների մոնիթորինգի հիման վրա։ -0-