Գավառի դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալելու մասին: Այս մասին հայտնում ե ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայութնունը։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 5 անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:
Միջադեպի մասին
2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:
Նույն օրը՝ ժամեր անց, Զ.Պարոնիկյանի և Վ.Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել և փորձել են սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանների միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-