Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Գեղարքունիքի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

05.05.2020, 14:42
Գեղարքունիքի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից
Գեղարքունիքի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից է ազատվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։ Այս լուրը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնայնը: 

«Գևորգ Հակոբյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել»,- նշել է նա:

Հայկական ԶԼՄ-ները չեն բացառում, որ Գեղարքունիքի ոստիկանապետի աշխատանքից ազատումը կապ ունի Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանությունների դեպքի հետ:

Սկանդալային իրադարձություններ

2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք),  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Նույն օրը՝ ժամեր անց, Զ.Պարոնիկյանի և Վ.Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել և փորձել են սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանների միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է 13 անձ, կան ձերբակավածներ:-0-