Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«ԳեոՊրոՄայնինգ»–ը կոչ է անում կառավարությանը մասնակցել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի լուծմանը

10.07.2019, 17:09
Հուլիսի 3-ից Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցները չեն ներկայացել աշխատանքի:
«ԳեոՊրոՄայնինգ»–ը կոչ է անում կառավարությանը մասնակցել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի լուծմանը
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./ԱՌԿԱ/. «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ է անում իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։ Այս մասին հայտնում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամուլի ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ից Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցները չեն ներկայացել աշխատանքի, ինչի հետևանքով Կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով արտադրական գործընթացը։ Կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, առաջադրում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։ Արտադրության դադարի հետևանքով կոմբինատը, տեղական համայնքային և ՀՀ պետական բյուջեն զգալի նյութական վնասներ կկրեն։ 

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Ագարակի կոմբինատի ղեկավարությունը կոչ է անում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող էմոցիոնալ և անհիմն մեղադրանքներից և հայտնում է, որ կոմբինատը ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները կոմբինատի աշխատակիցների, համայնքային և ՀՀ պետական բյուջեի նկատմամբ, այդ թվում, աշխատավարձի, արտաժամյա աշխատանքի և հավելավճարների վճարման իր պարտավորությունները։ 

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, լինելով Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, պետական մարմիններին կոչ է անում Կառավարության իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով՝ ստեղծված իրավիճակը իրատեսորեն ուսումնասիրելու և լուծման ուղիներ որոնելու նպատակով։ 

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է։ Կոմբինատը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հանրապետության սահմանի մոտ և Մեղրիի տարածաշրջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտն է։ 2007 թվականից Ընկերությունը «Ագարակի պղձա-մոլիբդենային կոմբինատի» զարգացման համար ներդրել է 79 մլն ԱՄՆ դոլար։ Բանվորների և ինժեներա-տեխնիկական անձնակազմի ( առանց ղեկավար կազմի ) միջին աշխատավարձը կազում է 340,000 ՀՀ դրամ։

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից 2008-ից մինչև 2018 թվականը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը և այլ վճարները կազմել են 121.9 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։ 2019 թվականին Ագարակի կոմբինատը նախատեսում էր ՀՀ բյուջե վճարել մոտավորապես 12 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։


 Ընկերությունից նշում են, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 530 մլն ԱՄՆ դոլար։