Գլխավոր դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույքեր ու դրամական միջոցներ: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։
«Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված», - նշված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ հետագայում Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք, և վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ:
Նրա փաստաբան Բենիկ Գալստյանի խոսքով` Մարգարյանին պատկանում են այն գույքերը, որոնք փաստաթղթերով նրան են պատկանում, մնացածը` ընտանիքի անդամներին։
«Գույքերը ձեռք են բերվել բացառապես օրինական միջոցներով, այսինքն` ապօրինի, չհայտարարագրված, չփաստարկված, առավել ևս հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ միջոց առկա չէ պարոն Մարգարյանի և վերջինիս ընտանիքի անդամների գույքային ֆոնդում», - ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ դատախազը 2025 թվականի սեպտեմբերի 8-ին դատարան է հանձնել Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Քրեական գործն այժմ գտնվում է նախնական դատալսումների փուլում։