Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Գյուղնախարարությունը զգուշացնում է, որ այս գիշեր ցրտահարության վտանգ կա

24.04.2013, 18:14
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու որոշ տարածաշրջաններում հողի մակերևույթին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ:
Գյուղնախարարությունը զգուշացնում է, որ այս գիշեր ցրտահարության վտանգ կա
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու որոշ տարածաշրջաններում հողի մակերևույթին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ:

Առաջիկա գիշերը նույնպես պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի և այլ հնարավոր նյութերի կույտեր` տեղակայելով դրանք քամու ուղղությամբ և ջերմաստիճանի 0-ին մոտենալու դեպքում այրել այնպես, որպեսզի պաշտպանվող տարածքն ամբողջությամբ պատվի կայուն ծխածածկույթով:

Նշված միջոցառումների պատշաճ ձևով կատարելու դեպքում` հնարավոր է բացառել սպասվելիք բերքի կորուստը:    

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետևանքով հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը և առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին:

Ըստ նախնական տեղեկատվության` Արտաշատի, Մասիսի և էջմիածնի տարածաշրջաններում հիմնականում տուժել են լոբազգի մշակաբույսերի և վաղահաս կարտոֆիլի ցանքերը: Մասնակիորեն վնասվել են նաև խաղողի այգիները:

Որոշվեց առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող ցրտահարության վտանգը կանխարգելելու համար, հորդորել նշված գոտիների գյուղացիական տնտեսություններին հնարավորինս առատ ոռոգել այգիներն ու բանջարանոցները, կրկին դիմել պայքարի ավանդական միջոցին` կիսաչոր բուսական մնացորդներով, աթարով կամ այլ հնարավոր միջոցներով կայուն ծխածածկույթի ստեղծմանը` ամբողջ տարածքի համար:

Գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվություն մատուցելու համար ստեղծվեցին հատուկ աշխատանքային խմբեր` փոխնախարարների գլխավորությամբ, որոնք ողջ օրվա ընթացքում ԳԱՄԿ-երի մասնագետների ուղեկցությամբ կլինեն տեղերում և համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին:-0-