H1N1 վարակով երեք հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. H1N1 վարակով երեք հիվանդ ուրբաթ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ, հաղորդում է ՀՀ ԱՆ–ի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության`ուրբաթ հանրապետության հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը` մինչև 18 տարեկան: Նրանցից 37-ի մոտ ախտորոշված էր թոքաբորք (21-ը` մինչև 18 տարեկան):
«Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված մեկ այլ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Այժմ հիվանդի վիճակը բարելավվել է», – հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Հայաստանում «խոզի գրիպից» մահացել է 14 մարդ։
Հունվարի 15–ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի:
502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա։ Նա պարզաբանել է, որ համաճարակի առկայությունը որոշվում է բավականին բարդ հաշվարկների և բանաձևերի հիման վրա, և համաճարակ է համարվում այն իրավիճակը, երբ հիվանդացածների թիվը 4–5 անգամ գերազանցում է նորման, այն դեպքում երբ հիմա Հայաստանում այդ ցուցանիշները գերազանցում է նորման 1,5 անգամ։–0–