H1N1 վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել. թերթ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. H1N1 վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ–ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48,8 տոկոսով, իսկ հիմնական շեմը` 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Ռուսաստանի Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի բիոտեխնոլոգիաների և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Աննա Սոմինան երեկ, ըստ ՏԱՍՍ–ի, հայտարարել է, որ ՌԴ–ում «խոզի գրիպով» հիվանդացության բարձր մակարդակը և արձանագրվող մահացու դեպքերը պայմանավորված են վիրուսի մուտացիայով։
«Լաբորատորիայի հետազոտած վիրուսների շուրջ 40 տոկոսը գենոմի այնպիսի փոփոխություն ունի, որոնք չունեն բացիլները», – մեջբերում է թերթը Սոմինայի խոսքերը։
Նրա խոսքով` Ռուսաստանում «խոզի գրիպից» 50 մարդ է մահացել, որոնցից 24–ն` այս շաբաթ։
Ըստ թերթի` Հայաստանում, որտեղ, ըստ ԱՆ տվյալների, վիրուսը նահանջում է, փաստորեն, հավելյալ զգոնություն է պետք` հաշվի առնելով մեր ակտիվ շփումները ՌԴ–ի հետ։
Հանրապետության հիվանդանոցներից երեքշաբթի սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ։ Նրանցից 131-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (96-ը` մինչև 18 տարեկան), իսկ 85-ը` թոքաբորբով (37-ը` մինչև 18 տարեկան)։
Հայաստանում գրանցվել է մահվան 18 դեպք, որոնց պատճառը H1N1 վիրուսի հետևանքով առաջացած բարդություններն են։ –0–