Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հանքարդյունաբերող ընկերությունը գրեթե 96 մլն դրամի վնաս է հասցրել պետությանը

09.09.2019, 19:01
Հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն` պետությանը պատճառելով շուրջ 95,797,000 դրամի նյութական վնաս։
Հանքարդյունաբերող ընկերությունը գրեթե 96 մլն դրամի վնաս է հասցրել պետությանը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն` պետությանը պատճառելով շուրջ 95,797,000 դրամի նյութական վնաս։ Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015 թվականների ընթացքում իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։

Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2013թ․ մարտին ընկերությունը ձեռք է բերել մեկ այլ ընկերության հանքարդյունաբերական սարքավորումները, նրան է փոխանցվել նաև Արարատի մարզի Ավշար համայնքի վարչական տարածքում գտնվող, ենթավարձակալված, ընհանուր 10 հեկտար տարածքը, որն այդ ժամանակ գտնվել է գործունեություն ծավալելու համար լիցենզիա ստանալու գործընթացում։

Ըստ այս պահին եղած քննությանը հայտնի տվյալների՝ ընկերությունը նման պայմաններում 2013թ․ մարտից 2016թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ ընթացքում արդյունահանվել է 2649,6 քմ մակերեսով՝ 9717,9 խմ ծավալով տրավերտինի հանքաքար, որից շուրջ 9379,7 խմ-ն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթավորման՝ կանխիկ եղանակով իրացվել է։ Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է շուրջ 95,797,000 դրամի նյութական վնաս։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն: -0-