Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայ գործարարը պատրաստ է օգնել հայրենիք ժամանած սիրիահայերին

24.09.2012, 15:57
Հայկական ծագումով ամերիկացի խոշոր գործարար Վահան Հովնանյանը, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանում, երկուշաբթի լրագրողներին հայտնել է հայրենիք ժամանած սիրիահայերին օգնելու իր մտադրության մասին։
Հայ գործարարը պատրաստ է օգնել հայրենիք ժամանած սիրիահայերին
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ծագումով ամերիկացի խոշոր գործարար Վահան Հովնանյանը, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանում, երկուշաբթի լրագրողներին հայտնել է հայրենիք ժամանած սիրիահայերին օգնելու իր մտադրության մասին։

Հովնանյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Գյումրիին կից նախատեսվում է քարե հանքավայր մշակել, և նա պատրաստ է ատաղձագործի կամ որմնադիրի աշխատանք առաջարկել։

Միաժամանակ նա նշեց, որ տվյալ պահին Սիրիայից ժամանած հայերի մասնագիտական և պրոֆեսիոնալ ունակությունների մասին տեղեկություն չունի, ինչը մի փոքր բարդացնում է գործը։

Ձեռնարկատերն ավելացրեց նաև, որ նրա օրինակին պետք է հետևեն նաև մյուս ապահովված մարդիկ և օգնության ձեռք մեկնեն իրենց հայրենակիցներին։

«Շատ ապահովված մարդիկ կան, նրանք պետք է իրենց դռները բացեն, աշխատատեղեր և պայմաններ ստեղծեն, որպեսզի նրանք (սիրիահայերը) աշխատանք գտնեն»,– ասաց նա։

Գործարարն ընդգծեց, որ սիրիահայերին աջակցելը հայ ձեռնարկատերերի՝ հայրենիքի և սեփական ազգի նկատմամբ սիրո դրսևորման լավագույն արտահայտչամիջոցը կդառնա։

Հովնանյանը նաև դրական գնահատեց այն միջոցները, որոնք ձեռնարկել է ՀՀ կառավարությունը՝ պատմական հայրենիք ժամանած սիրիահայերի համար նորմալ կյանք ապահովելու հարցում` նշելով, որ չի կարելի բոլոր խնդիրները կապել միայն կառավարության հետ։

«Պետք չէ ամեն ինչ կառավարության վրա գցել... Կառավարությունն արդեն հազարավոր խնդիրներ ունի... Դա մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է»,– նշեց նա։

Հովնանյանը կարծում է, որ սիրիահայերի շրջանում կան մարդիկ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել մնալու են հայրենիքում, թե բախումների ավարտից հետո  վերադառնալու են Սիրիա կամ տեղափոխվելու են այլ երկրներ՝ մշտական բնակության համար։

«Նրանք ցանկանում են վստահ լինել, որ կկարողանան այստեղ աշխատանք գտնել, իսկ դա մեզանից է կախված»,– ասաց նա։

Մինչև վերջերս Սիրիայի հայ համայնքը շուրջ 100 հազարի էր հասնում: Հայերը զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Ավանդաբար Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի հզոր համայնքներից մեկն է համարվում։
Լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով Սիրիայում հայերի արտահոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք։

Սփյուռքի նախարարության տվյալներով` այսօրվա դրությամբ Հայաստանում մոտ 2 հազար սիրիահայ կա: Այդ թիվն ամեն շաբաթ փոխվում է:--0--