Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

«Հայաստան» հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնի ընթացքում ավելի քան 21 մլն դոլար է հավաքվել

23.11.2012, 11:40
Նախօրեին Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցկացրած հեռուստամարաթոնի ընթացքում ավելի քան 21,4 մլն դոլար է հավաքվել, գրում է «Երկիր» թերթը:
«Հայաստան» հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնի ընթացքում ավելի քան 21 մլն դոլար է հավաքվել
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցկացրած հեռուստամարաթոնի ընթացքում ավելի քան 21,4 մլն դոլար է հավաքվել, գրում է «Երկիր» թերթը:

«21 մլն 422 հազար 477 դոլար կուղղվի Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացմանը, ինչպես նաև սիրիահայերի խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստամարաթոնին նախորդած «ֆոնետոնն» (հեռախոսային մարաթոնը) անցկացվել է նոյեմբերի 15-18-ը եվրոպական երկրներում: Ֆրանսիայի հինգ քաղաքներից յոթ հարյուր կամավորներ զանգահարում էին Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում և Հունաստանում բնակվող հայկական ընտանիքներին: Արդյունքում հանգանակվել է 1,425 մլն եվրո:

Նախորդ տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է մոտ 12 մլն դոլար: Միջոցներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգերի կառուցման ֆինանսավորմանը և Հայաստանի սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքների վերականգնմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր 20-ամյա պատմության ընթացքում Հայաստանում և Արցախում ավելի քան 235 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին և հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:-0-