Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«Հայաստան» հիմնադրամի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

09.07.2018, 20:10
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին։
«Հայաստան» հիմնադրամի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին։

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, հրաժարականը կապված է Վարդայանի` պաշտոնական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: 

Ըստ սահմանված կարգի, դիմումը պետք է ուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն: 

««Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հանրապետության նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետության ծնունդից ի վեր Հիմնադրամը կարևոր և օգտակար ծրագրեր է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով ազգային և հոգեւոր կառույցների, բարերարների և հարյուր հազարավոր անհատների: Ուստի, Հիմնադրամը դեռևս առաքելություն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կյանքում»,– ասվում է հաղորդման մեջ։

Սակայն նշվում է նաև, որ Հիմնադրամը կարիք ունի կազմակերպական և կոնցեպտուալ նոր մոտեցումների, որոնք առավել կբարձրացնեն նրա արդյունավետությունը, վստահությունը և կշիռը: 

Հաղորդման մեջ հիշեցվում է, որ Հանրապետության նախագահը Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի` մայիսի 25-ի նիստում 3 ամիս ժամանակ էր տվել ներկայացնելու Հիմնադրամի արմատական բարեփոխումների առաջարկներ:

«Ըստ այդմ, նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհաղթահարի այս փորձությունը և դրանից դուրս կգա նորացված՝ արժանի Նոր Հայաստանի ձգտումներին եւ մարտահրավերներին»,– նշվում է հաղորդագրությունում։ -0-