Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանցի ուսանողները կկարողանան ուսման վարձը վճարել նոր ժամանակացույցով

06.03.2019, 15:13
ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին օրինագիծը:
Հայաստանցի ուսանողները կկարողանան ուսման վարձը վճարել նոր ժամանակացույցով

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին օրինագիծը: 

«Կարծես թե բոլորը համաձայն են, որպեսզի վճարովի հիմունքներով սովորող ուսանողները հնարավորություն ունենան ոչ թե միանվագ կամ, ինչպես մինչև հիմա գործող կանոնով`երկու անգամ` ամեն կիսամյակ, վճարել մեծ գումարներ, այլ օրենքի իմպերատիվ պահանջով կատարեն ամսական վճարներ», – ասաց նախագիծը ներկայացնող, ԲՀԿ–ից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Ինչպես նշեց Ուրիխանյանը, կարող է թվալ, թե դրանք զուտ մեխանիկական փոփոխություններ են, որոնք չունեն որական բաղադրիչ։

«Սակայն հենց այս դահլիճում կան նախկին ուսանողներ, որոնք հենց այդ պատճառով չեն կարողացել շարունակել իրենց ուսումն ու ստանալ բարձրագույն կրթություն», – հայտարարեց պատգամավորը։

Նա նշեց, որ ավելի վաղ ուսման վարձը վճարելու նման մեխանիզմը հնարավոր էր միայն բուհի ղեկավարության հասցեին ուսանողի գրավոր դիմումի դեպքում, և որոշումն ընդունվում էր ղեկավարության ցանկությամբ։

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանն իր հերթին նշեց, որ այս դեպքում չի խախտվում բուհական ինքնակառավարումն, ու խոսքը կրթական հաստատությունների գործունեության ֆինանսական պլանավորման մասին է, քանի որ ուսման վարձը կազմում է նրանց բյուջեի մոտ 80%–ը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ ֆինանսական պլանավորման հարցում կարող են առաջանալ խնդիրներ, եթե առաջին կիսամյակում ուսանողը որոշի վճարել կիսամյակի վերջում, իսկ երկրորդ կիսամյակից սկսի կատարել ամսական վճարներ։

«Կարծում եմ, որ բուհերին պետք է տրվի հնարավորություն ուսանողների հետ համատեղ ուսումնական տարվա սկզբին ֆիքսել վճարման մեխանիզմը, որպեսզի ֆինանսական հոսքերը լինեն կանխատեսելի», – նշել է պատգամավորը։ 

Ընդունվեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի առաջարկը, որը վերաբերում է «ամսական վճար» հասկացության մեջ կոնկրետություն մտցնելուն, որպեսզի ոչ ուսանողի, ոչ բուհի կողմից չլինեն օրենքի այդ դրույթի չարաշահման փորձեր։ 

«Մասնավորապես, բացառված չէ, որ բուհը կմեկնաբանի այս դրույթն այնպես, որ ուսանողից սեպտեմբերին կպահանջեն վարձի 20%–ը, իսկ մնացածը` հետագա վճարներով։ Կամ ուսանողն ամսական կվճարի 10–ական դրամ, իսկ 12–րդ ամսին` մնացած գումարը», – ասաց պատգամավորը։ 

Առաքելյանի առաջարկած փոփոխությունները կներդրվեն առաջին և երկրորդ ընթերցման ժամանակահատվածում։–0–