Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի հաշմանդամների իրավունքների պաշտպանության խնդիրներն իրենց լուծմանն են սպասում. կազմակերպության ղեկավար

18.10.2012, 17:01
Հայաստանի` ավելի քան 170 հազար հաշմանդամների իրավունքների պաշտպանության խնդիրները դեռ պատշաճ լուծում չեն ստացել, հինգշաբթի լրագրողներին ասաց Հաշմանդամների շահերի պաշտպանության ազգային միության հիմնադիր–անդամ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպոթւյան ղեկավար Սուսաննա Թադևոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` ավելի քան 170 հազար հաշմանդամների իրավունքների պաշտպանության խնդիրները դեռ պատշաճ լուծում չեն ստացել, հինգշաբթի լրագրողներին ասաց Հաշմանդամների շահերի պաշտպանության ազգային միության հիմնադիր–անդամ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպոթւյան ղեկավար Սուսաննա Թադևոսյանը։

Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրն աշխատանքի տեղավորման հարցն է։

Հայաստանի զբաղվածության պետական ծառայության տվյալների համաձայն, 170 հազար հաշվառված հաշմանդամներից 90 հազարն աշխատունակ տարիքի մարդիկ են, ովքեր որոշակի աշխատանքային հմտություններ ունեն, բայց գործազուրկ են։

«Նախորդ տարի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը «Լավագույն գործատու» մրցանակ է սահմանել և երևանյան գործատուներին հարցումներ է ուղարկել իրենց հաստատություններում աշխատող հաշմանդամների թվի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով... Սակայն հարցվածների 99 տոկոսը մեզ գրավոր պատասխանել են, որ նրանց մոտ հաշմանդամություն ունեցող անձինք չեն աշխատում»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Թադևոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ըստ նրա, հարցված կազմակերպությունների թվում, որոնցում բավականին մեծ թվով հաշմանդամներ են աշխատում, նշվել են միայն Vivacell-MTS–ը և  HSBC Բանկ Հայաստանը։

«Բազմաթիվ գործատուների թվում է, թե եթե մարդը հաշմանդամություն ունի, ապա նա չի կարող այս կամ այն աշխատանքը կատարել»,– նշեց կազմակերպության ղեկավարը։

Թադևոսյանն ընդգծեց, որ Հայաստանում հաշմանդամների լուրջ խնդիր է նաև շրջակա միջավայրի անհասանելիությունը, հարմարությունների բացակայությունը, հասարակության կողմից խտրականությունը։

Ըստ նրա, հասարակության կարծրատիպերի հաղթահարման դեմ հաջող պայքարի համար, նախևառաջ, անհրաժեշտ են օրենսդրական լուրջ փոփոխություններ, ինչպես նաև իշխանություններրի քաղաքական կամքը։

Թադևոսյանի կարծիքով, մեծ դեր կարող են խաղալ ԶԼՄ–ները, որոնք ընդունակ են լիարժեք տեղեկատվություն տրամադրել հաշմանդամների խնդիրների մասին։

Նա հայտնեց նաև, որ Միությունն առաջիկայում մտադիր է հարց բարձրացնել այդ կատեգորիայի անձանց համար համապատասխան քվոտաներ հատկացնելու վերաբերյալ, ավելացնելով, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և սոցիալական ներգրավվածության մասին» նոր օրինագիծ է մշակում, որը, հավանաբար, Ազգային ժողովի քննարկմանը կուղղվի 2013 թվականին։ -0-