Հայաստանի և Արցախի օմբուդսմենները նոր զեկույց են ներկայացրել Ադրբեջանում հայատյացության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը արցախցի իր գործընկերոջ հետ համատեղ նոր զեկույցն է ներկայացրել ՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատավորված պատճառներ»:
Ինչպես գրել է Թաթոյանն իր Facebook-յան էջում, զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է:
Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների:«Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանին համագործակցության համար զեկույցը կազմելիս:
ՀՀ օմբուդսմենը նաև մի շարք հատվածներ է հրապարակել զեկույցից, որն ուղարկվել է միջազգային մարմիններին(հղումն այստեղ): -0-