Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանին 5 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի Սևանա լճի խնդիրների լուծման նպատակով

18.07.2019, 16:50
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտնեց, որ Հայաստանը եվրոպացի գործընկերներից 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի մաքրման աշխատանքների նպատակով:
Հայաստանին 5 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի Սևանա լճի խնդիրների լուծման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտնեց, որ Հայաստանը եվրոպացի գործընկերներից 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի մաքրման աշխատանքների նպատակով:

Հուլիսի սկզբից Սևանա լճի որոշ ափերում դիտվել է ցիանոբակտերների կամ կապտականաչ ջրիմուռների կուտակում, ինչը հանգեցրել է ջրի կանաչելուն։ Այդ ջրիմուռները տոքսիններ են արտադրում, որոնք բացասական ազդեցություն են գործում կենդանիների և մարդու առողջության վրա, եթե մարդիկ խմեն «ծաղկած» ջուր կամ անզգուշությամբ այն կուլ տան։ 


Այդ կապակցությամբ Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին խուսափել լողալուց Սևանի այն հատվածներում, որտեղ կան կապտականաչ ջրիմուռների կուտակումներ։

Դրամաշնորհային միջոցներով ծրագրվում է մաքրման կայաններ տեղադրել Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից այս պահին լճի վիճակի մասին:

«Այսօրվա դրությամբ Սևանի վիճակը բավականին լավն է: Կարող եմ նշել, որ թափանցիկության ընթացիկ մակարդակը (ավելի քան 6.5 մետր` խմբ) չի գրանցվել վերջին տարիներին»,- ասաց Գրիգորյանը:

Նախարարի խոսքով, կապտականաչ ջրիմուռների բուռն աճը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնք համընկել են:  

Նշեմ, որ այս տարի մեր լայնության բազմաթիվ ջրամբարներում դիտվել է ջրիմուռների աճ: Ամեն դեպքում կոյուղաջրերի թվի կրճատումը և ջրի որակի բարձրացումը մեր առաջնահերթ խնդիրն է»,- ասաց Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ այդ գործընթացում կարևոր դեր է խաղում լճի մակերևույթից խոնավության գոլորշիացումը:

«Գոլորշիացել է 100 մլն խմ-ով ավելի շատ ջուր, քան միջին հաշվով տեղի է ունենում: Տեղումները 40 մլն խմ-ով պակաս են: Այսինքն, լճում 140 մլն խորանարդ մետրով պակաս ջուր է ստացվել: Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք ունենք 2 սմ-ով ջրի մակարդակի ավելացում, այդ թվում` Արփա-Սևանից հավելյալ ջրառի շնորհիվ»,- ասաց նախարարը:

Գրիգորյանը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ 36 մլն խորանարդ մետրով կրճատվել են լճից ջրի բացթողումները` այս տարի բացթողնումների ծավալները կազմել են 50 մլն խորանարդ մետր, նախորդ տարի` 86 մլն: 

Հայաստանի առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ հուլիսի 15-ին 11 տարբեր հատվածներից վերցվել են ջրի փորձանմուշներ, և միայն երկուսում են հայտնաբերվել նորմայից ոչ մեծ շեղումներ:
«Դա ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման դինամիկան լավն է: Մենք կարող ենք կոչ անել մեր քաղաքացիներին լողալ լճում: Նմուշները վերցվում են պարբերաբար: Կտրամադրվի տեղեկություն»,- ասաց նա: -0-