Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում ցմահ բանտարկության է դատապարտված 104 մարդ. Օմբուդսմեն

21.11.2012, 14:07
Հայաստանում ցմահ բանտարկության է դատապարտված 104 մարդ, չորեքշաբթի ցմահ բանտարկյալների խնդիրներին նվիրված միջազգային ասուլիսի ժամանակ տեղեկացրեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Հայաստանում ցմահ բանտարկության է դատապարտված 104 մարդ. Օմբուդսմեն
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ցմահ բանտարկության է դատապարտված 104 մարդ, չորեքշաբթի ցմահ բանտարկյալների խնդիրներին նվիրված միջազգային ասուլիսի ժամանակ տեղեկացրեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ըստ Օմբուդսմենի՝ բոլոր ցմահ բանտարկյալները տղամարդիկ են: Նրանցից 15-ը դատապարտվել են 18-20 տարեկանում զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցագործությունների համար: «97 բանտարկյալները կարծում են, որ իրենց գործերը պետք է վերանայվեն»,- ասաց նա:

Ըստ Անդրեասյանի՝ բանտերում պահելու պայմանները գոհացնող են: Ցմահ բանտարկության դատապարտած բանտարկյալներին օրական մեկ անգամ թույլ է տրվում զբոսնել, շաբաթը մեկ անգամ լողանում են և ամսական մեկ անգամ թույլ է տրվում մինչև երեք զանգ կատարել՝ 20 րոպե տևողությամբ:

Մինչդեռ, ըստ Օմբուդսմենի՝ որոշակի խնդիրներ կան, որոնք մասնավորապես կապված են զինվորական ծառայության ընթացքում կատարած հանցագործությունների դիմաց դատավճիռների հետ:

«Նրանք 18-20 տարեկան հասակում զինվորական ծառայության ընթացքում հանցագործություններ կատարած մարդիկ են: Եվրոպական պրակտիկայում ցմահ բանտարկության կարող են դատապարտվել միայն 21 տարին լրացած անձինք: Մենք կարծում ենք, որ մեզ անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ մտցնել օրենսդրությունում՝ բանտարկյալների տարիքի վերաբերյալ, ովքեր կարող են ցմահ բանտարկության դատապարտվել: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները»,-ասաց Անդրեասյանը:

Օմբուդսմենը նշեց, որ առաջիկայում համապատասխան առաջարկները կներկայացվեն եվրոպական ինտեգրման հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր, եվրաինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ բանտարկյալների և նրանց բարեկամների հետ պատգամավորների հանդիպման ժամանակ պարզվեց, որ զինվորական ծառայության ընթացքում կատարած հանցագործությունների դիմաց ցմահ բանտարկության դատապարտված 15 բանտարկյալներ կարծում են, որ իրենց գործերը պետք է վերանայվեն:

«Մենք կարծում ենք, որ բանտարկյալների խնդրանքը պետք է բավարարվի, իհարկե, մենք կքննարկենք այդ հարցն իրավաբանների հետ, և եթե մասնագետների գնահատականը բավարար լինի, այդ ժամանակ մենք կզբաղվենք այդ հարցով»,- ասաց Զոհրաբյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշեց, որ ցմահ բանտարկության դատապարտվածների խնդիրը նաև հոգեբանական շեշտադրում ունի:

«Այսօր հասարակությունը կանխակալ վերաբերմունք է տածում այդ մարդկանց նկատմամբ: Սակայն պետք է հաշվի առնել, որ մարդը կարող էր անարդար դատապարտվել: Հանդուրժողական վերաբերմունք է անհրաժեշտ բոլոր բանտարկյալների նկատմամբ»,- ասաց Իշխանյանը: 

Երկօրյա միջազգային համաժողովը, որը նվիրված էր ցմահ բանտարկության դատապարտված մարդկանց խնդիրներին, կազմակերպվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, «Հայաստանի բաց հասարակության հիմնադրամ» կազմակերպության և ԵԱՀԿ-ի կողմից:

2001թ.-ի հունվարի 25-ից Հայաստանը Եվրախորհրդի լիիրավ անդամ է: Այդ կապակցությամբ 2003թ.-ից Հայաստանի Հանրապետությունում պատժի բարձր միջոցը՝ մահապատիժը, դե յուրե չեղյալ համարվեց և փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: -0-