Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում մեկնարկել է 1 մլն եվրո արժողությամբ աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման ծրագիրը

03.04.2013, 14:14
«Հայաստանի աշխատանքային միգրացիայի սոցիալական արձագանք» 1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ եռամյա ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ չորեքշաբթի Երևանում:
Հայաստանում մեկնարկել է 1 մլն եվրո արժողությամբ աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի աշխատանքային միգրացիայի սոցիալական արձագանք» 1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ եռամյա ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ չորեքշաբթի Երևանում, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում ՄԱԿ–ի  Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից։

Ըստ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի` ծրագրի նպատակն է մեղմացնել Հայաստանում աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքները ընտանիքների և համայնքների վրա:

Նա տեղեկացրել է, որ ծրագիրը կիրականացվի Հայաստանի չորս մարզերում` Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։

«Ծրագրի իրականացումը թույլ կտա նվազեցնել աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խնդիրները` մշակված սոցիալական ծառայությունների տրամադրման և միգրանտների ֆինանսական ու ինտելեկտուալ հնարավորությունների առավելապես ճիշտ օգտագործման ճանապարհով»,– պարզաբանեց նա։

Ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք, մասնավորապես, խթանում են միգրանտների և սփյուռքի ֆինանսական և ինտելեկտուալ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, միգրանտների հարազատ համայնքների համար սոցիալական ծրագրերի մշակումը, իրազեկության բարձրացումը։

«ԵՄ–ն կարևորում է Հայաստանի միգրացիոն գործընթացների բարելավման նշանակությունը, ինչը թույլ կտա կանխել անօրինական և խթանել փուլային միգրացիան, ինչպես նաև թույլ կտա ապահովել ապօրինի միգրացիայի հետևանքով արտերկրում հայտնված և վերադարձած միգրանտների վերաինտեգրումը Հայաստանում»,– նշեց Հրիստեան։

UNICEF–ի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Կիրսի Մադին իր հերթին նշեց, որ տարիներ շարունակ աշխատանքային միգրացիան հանդիսացել է Հայաստանում ընտանիքների և համայնքների աղքատության, ինչպես նաև գործազրկության հետևանքով առաջացած այլ խնդիրների հաղթահարման միջոց:

«Այնուամենայնիվ, աշխատանքային միգրացիայի բացասական հետևանքները ընտանիքների, մասնավորապես՝ երեխաների ու կանանց վրա, զգալի են եղել: Աշխատանքային միգրացիան թե խնդիրներ և թե հնարավորություններ է առաջացնում ընտանիքների և համայնքների համար: Առանց հայրերի և ամուսինների մնացած երեխաներն ու կանայք տարբեր խնդիրների միջով են անցնում, ինչը հանգեցնում է ոչ պատշաճ ծնողական հմտությունների ձևավորմանը, երեխաների՝ դպրոցից դուրս մնալուն, կանանց մոտ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ ձեռք բերելու առավել մեծ ռիսկին»,– նշեց նա։

Միաժամանակ Մադին ավելացրեց, որ աշխատանքային միգրացիան կարող է  հնարավորություն լինել համայնքների համար, քանի որ Հայաստանից դուրս միգրանտների ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները պատշաճ ձևով կիրառվելու դեպքում կարող են նպաստել այդ համայնքների զարգացմանը։

Այս համակարգի ներդրումը Հայաստանում մի շատ կարևոր առաքելություն ունի, հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, քանի որ կմշակվի համապատասխան մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ընդգրկվել իրենց վերաբերող խնդիրների լուծմանը:

Նա ընդգծեց նաև, որ Հայաստանի քաղաքացիները իրենց մաշկի վրա կարող են զգալ առաջիկայում սոցիալական ծառայություների որակի զգալի բարելավումը` սոցիալական ծառայությունների ինտեգրված համակարգի ներդրման շնորհիվ։--0--