Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Սարգսյան. Հայաստանը երբեք չի մոռանա Քըրք Քրքորյանին

24.06.2015, 14:51
Հայաստանը երբեք չի մոռանա բարերար և ազգային հերոս Քըրք Քրքորյանին, չորեքշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Սարգսյան. Հայաստանը երբեք չի մոռանա Քըրք Քրքորյանին
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը երբեք չի մոռանա բարերար և ազգային հերոս Քըրք Քրքորյանին, չորեքշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան ժամանակ հիշում և խոսում են նրա մասին: Մենք մեր հերոսին՝ Քըրք Քրքորյանին, չենք մոռանալու: Մենք հիշելու ենք, որ նրա շնորհիվ Հայաստանում կառուցվեցին ու նորոգվեցին բազմաթիվ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, մշակութային օջախներ, և նոր զարկ տրվեց Հայաստանի տնտեսությանը»,– նշել է Սարգսյանը:

«Մենք երախտապարտ ենք ամերիկահայ մեր մեծ հայրենակցին Հայաստանի կյանքում իր ունեցած լուրջ ավանդի համար և մենք երբեք դա չենք մոռանա: Քըրք Քրքորյանի հիշատակը միշտ վառ կմնա մայր Հայաստանում»,– նշել է Սարգսյանը:
Նրա կարծիքով` Քրքորյանը ևս մեկ անգամ ապացուցել է այն փաստը, որ նույնիսկ իր հայրենիքից վտարված, հացից և ջրից զրկված հայ ժողովուրդը կարող է վերածնվել` ինչպես փյունիկ, և հարյուր տարի անց հայերը կրկին սկսում են ստեղծել նոր Հայաստան։ Քըրք Քրքորյանը վախճանվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, երբ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում էր այդ ոճրին զոհ գնացած մեր անմեղ նահատակների հիշատակը: Հայտնի է, որ պատմությունը «եթե»-ներ չի ընդունում: Բայց գուցե Քըրք Քրքորյանը իսկապե՞ս կարող էր դառնալ մեկ այլ՝ ուրիշ Հայաստանի գործարար, կյանքն առաջ մղող մեկը, կամ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն, կամ, ասենք, հայկական օդուժի հերոս օդաչու: Կամ էլ լիներ սովորական կյանքով ապրող, արժանապատվորեն իր ընտանիքի հացը վաստակող աշխատավոր այդ մեկ այլ՝ ուրի՛շ Հայաստանում:

«Այս հարցադրման պատասխանը մեզ այսօր ոչ ոք չի կարող տալ: Սակայն Քըրք Քրքորյանը սփյուռքում ոչ իրենց կամքով ապրող հայ ժողովրդի բազմաթիվ դուստրերի և որդիների պես ցույց է տալիս այն Հայաստանը, որը կարող էր լինել: Նա մարմնավորում է այն Հայաստանը, որը մեզնից գողացան՝ նպատակ դնելով իսպառ ջնջել հայի անունը աշխարհի երեսից»,– նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով` Քըրք Քրքորյանի հիշատակը ոգեկոչելով՝ արժանին պետք է մատուցենք նաև Ամերիկային ու նրա ժողովրդին: Հենց այնտեղ էր, որ բացահայտվեց գործարարի նրա տաղանդը, և հնարավորություն ստեղծվեց, որ նա ծավալի իր բազմաբնույթ գործունեությունը: Եվ նրա օրինակը եզակի չէ. հարյուր հազարավոր հայերի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ նոր հայրենիք, որը նրանց տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրելու և կյանքը նորովի ստեղծելու հնարավորություն:

Սարգսյանը նշել է նաև, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր Քրքորյանը կանգնեց օգնության կարիք զգացող Հայաստան երկրի կողքին՝ սատարելով իր քույրերին ու եղբայրներին:

«Հանդիպեցին Քըրք Քրքորյանը և նոր Հայաստանը. խոսեցին իրար հետ և ծաղրեցին դահիճների ստոր գաղափարները: Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ՝ Քըրք Քրքորյան: Հանգչի՛ր խաղաղությամբ»,– եզրափակել է Սարգսյանը։

Մայր տաճարում նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը:

Միլիարդատեր Քըրք Քրքորյանը մահացել է հունիսի 16–ին 98 տարեկան հասակում։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան  Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել, որը Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչումն է։-0-