Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մոտ 100 մլն դրամ կհատկացնի կարկտահարությունից տուժած գյուղացիներին

14.06.2013, 12:50
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ 224 400 շվեյցարական ֆրանկ կհատկացնի մայիսին տեղացած կարկուտից տուժած գյուղական համայնքներին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀԿԽԸ–ի մամուլի ծառայությունից։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մոտ 100 մլն դրամ կհատկացնի կարկտահարությունից տուժած գյուղացիներին
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ 224 400 շվեյցարական ֆրանկ կհատկացնի մայիսին տեղացած կարկուտից տուժած գյուղական համայնքներին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀԿԽԸ–ի մամուլի ծառայությունից։

Մայիսի 12–ին, 17–ին և այլ օրերին տեղի ունեցած կարկտահարությունը, ըստ նրա, վնասեց 46 համայնքների գյուղատնտեսական տարածքների ավելի քան 50 տոկոսը, իսկ վնասը գնահատվում է մոտ 25,3 մլրդ դրամ։

ՀԿԽԸ-ի Արմավիրի մասնաճյուղի մասնակցությամբ ստեղծվել է  Արտակարգ իրավիճակներին արձագանքման խումբ, որն իրականացրել է վնասի չափերի, անհրաժեշտ օգնության տեսակների և բնակչության առավել խոցելի խմբերի գնահատում։ Ստացված տվյալները հաշվի առնելով` ՀԿԽԸ–ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Մարդասիրական օգնության շրջանակներում տրամադրվող միջոցները կուղղվեն 4000 մարդու սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրելու համար: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:

«ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվեցին բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը և շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար:
Մարդասիրական օգնության բաշխումը նախատեսվում է իրականացնել ս/թ հուլիսի առաջին շաբաթվանից»,– ասվում է հաղորդման մեջ։

Մայիսի 23–ին ՀՀ կառավարությունը ծրագիր ընդունեց տուժած գյուղացիներին աջակցելու ուղղությամբ, որը նախատեսում է վնասը փոխհատուցելու տարբեր քայլեր. գյուղատնտեսական վարկերի սպասարկման հարցում անհատական մոտեցում, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի վճարման արտոնություններ, նոր հակակարկտային կայանների տեղադրում։

ՀԿԽԸ–ն ոչ կառավարական` 11 մարզային, երկու տարածաշրջանային և 52 համայնքային մասնաճյուղերից բաղկացած կազմակերպություն է։ Կառույցի կազմում են 3.5 հազար աշխատողներ, ինչպես նաև 3.2 հազար կամավորներ։
 -0-