Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայկական բանակն ավելի գաղափարական պետք է դառնա. ղարաբաղյան պատերազմի մասնակից

23.03.2015, 21:40
Հայկական բանակը, նախևառաջ, ավելի գաղափարական պետք է դառնա, ասել է մահապարտների գումարտակի մարտիկ, «Կարին» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։
Հայկական բանակն ավելի գաղափարական պետք է դառնա. ղարաբաղյան պատերազմի մասնակից
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական բանակը, նախևառաջ, ավելի գաղափարական պետք է դառնա, ասել է մահապարտների գումարտակի մարտիկ, «Կարին» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։

«Ուրախությամբ կարող եմ նշել, որ այդ իմաստով որոշ դրական փոփոխություններ կան։ Ներկայում մենք գաղափարախոսական որոշակի առաջընթաց ենք տեսնում, այսինքն, «սառույցը շարժվեց»»,– ասաց Գինոսյանը։

Ըստ նրա, անհրաժեշտ է հասնել նրան, որ նույնիսկ պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներն իրենց կամավորական զգան։

Միաժամանակ նա ընդգծեց համազգային բնույթ կրող բանակի ձևավորման անհրաժեշտությունը։

«Մենք չպետք է սպասենք ռազմական գործողությունների` այն ձևավորելու համար։ Պետք է հասկանանք, որ համազգային բանակը կդառնա այն ուժը, որը կկանխի լայնածավալ մարտական գործողությունները»,– ասել է նա։

Գինոսյանի խոսքով, պետք է նաև պաշտպանական նպատակներով օգտագործել բարձր տեխնոլոգիաների ոլորտի նվաճումները։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը տարածաշրջանում մրցակից չունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Սակայն այդ նվաճումները պետք է հասնեն բանակ»,– ավելացրել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-