Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարվել է պատգամավորական մանդատից
04.07.2012,
11:16
Ազգային ժողովի պտգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆդերերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի պտգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆդերերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
Հունիսի 17-ին դաժան ծեծկռտուք էր եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում և ծեծի էր ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Նրան գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար»,- ասվում է Հայրապետյաաի հայտարարության մեջ:
Հայրապետյանը նշել է, որ ամեն ինչ կտար, որ «այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդ¬ների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց»:
«Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց»,- ասված է նրա հայտարարության մեջ:
Միաժամանակ նա համոզմունք է հայտնում, որ ամեն ինչ օրենքով պիտի լինի. Ամեն «օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի»:
«Բայց հարցը միայն օրենքը չի: Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում»,- նշել է նա:
«Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երևի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ և իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ»,- նշված է Հայրապետյանի հայտարարության մեջ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, արդեն կան ձերբակալվածներ:
Այս միջադեպը բողոքի մեծ ալիք է բարձրացրել հասարակության մեջ, Երևանում վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում:--0--