ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում կատարված փոփոխությունները
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առաջարկվում են արմատական փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է միավորել նախկինում գործող երկու հիմնարար օրենքներ՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը՝ ընդունված 2000 թ.-ին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը՝ ընդունված 2004 թ.-ին, ոլորտային ամբողջական կարգավորումը վերապահելով ընդունվելիք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին։
Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ին կառաջադրի բուհը (այդ թվում՝ մեկը ուսանող), իսկ մյուս 6-ը կլինեն գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Արգելվում է պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհի կառավարման խորհրդում։
Օրենքի նախագծում սահմանվում է, որ անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար պարտադիր է դառնում «Հայոց լեզու» առարկայի քննությունը։ Բուհերի և գիտական կազմակերպությունների ակադեմիական ազատությունների ապահովման ու կառավարման մեխանիզմների գործունեության առնչությամբ տրված են մի շարք նոր կարգավորումներ։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը հաստատելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը համարել է անհետաձգելի. դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։-0-