ՀՀ տարածքի մի շարք ավտոճանապարհներ փակ են առատ ձյան պատճառով
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են առատ ձյան պատճառով, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդման, փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ախուրյան-Կառնուտ, Շիրակի մարզի Լանջիկ, Մանթաշ, Ջաջուռ, Շիրակ, Կապս, Ամասիա, Ցողամարգ, Բավրա գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-«Զանգեր», Լանջառ-Լուսաշող, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, ինչպես նաև Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:
Արարատի մարզի Վեդի, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի մարզում (բացի Գորիս և Մեղրի քաղաքներից) առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
«ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով»,– ասվում է հաղորդման մեջ։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հայտնում է նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին։ -0-