ՀՀ–ին հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատ է մոտենում, սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 5–7 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ դեկտեմբրի 26-ին, դեկտեմբերի 27-ի գիշերը առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 27-ին լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց Ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։
Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։