Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ–ում նախատեսվում է արգելել երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից

08.09.2025, 14:41
Կարգելվի երեխայի հայրության ճանաչումը նրա կենսաբանական հայր չհանդիսացողի կողմից
ՀՀ–ում նախատեսվում է արգելել երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսվում է արգելել երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը:

Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը՝ վարձատրվող մասնագիտական գործառույթի և համակարգի ներդրման միջոցով: Սահմանվել և հստակեցվել են մարզպետների աշխատակազմերում, Երևանի քաղաքապետարանում երեխայի պաշտպանության հետ կապված լիազորություններն ու դրանց մասնագիտական բնույթը:

«Սահմանվել է բուլինգ հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող ու կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխայի պաշտպանության համար», - ասել է Ստեփանյանը: 

Նախագծով սահմանվել է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որ իր այլընտրանքային խնամքի ձևը և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվեն՝ հաշվի առնելով նրա կարծիքը և լավագույն շահերը: 

«Առաջարկվում է նաև երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից առհասարակ արգելել», – ասել է Ստեփանյանը: 

Հանվել է տարիքային սահմանափակումը՝ երեխայի կարծիքը հաշվի առնելու համար: «Այս պահին գործող իրավակարգավորումներով՝ հաշվի ենք առնում 10 տարեկանը լրացած երեխայի կարծիքը: Շատ անհասկանալի է, թե ինչու 9 տարեկան երեխան չի կարող իրեն վերաբերելի որոշումներում իր կարծիքն արտահայտել», – ասել է Ստեփանյանը:

Նախագծով սահմանվում է, որ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որն իր տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում և որոշումներ կայացնելիս: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի լսված լինելու իրավունքն ապահովելիս նրա կարծիքը չի կարող օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս երեխայի լավագույն շահերի:

Սահմանվել է նաև ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: 

Ըստ նախագծի՝ երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարական գործընթացին այլևս պարտադիր չէ: Իսկ ներկայիս կարգավորմամբ՝ 14 տարեկան երեխաները պարտադիր պետք է լինեն դատական դահլիճում: