Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հիվանդությունների մեծամասնությունն առաջանում է սխալ սնվելու հետևանքով. բժիշկ

02.06.2015, 15:46
Հիվանդությունների մեծամասնությունն առաջանում է սխալ սնվելու հետևանքով, երեքշաբթի` Առողջ սննդի օրը մամուլի ասուլիսում ասաց էնդոկրինոլոգ և դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։
Հիվանդությունների մեծամասնությունն առաջանում է սխալ սնվելու հետևանքով. բժիշկ
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հիվանդությունների մեծամասնությունն առաջանում է սխալ սնվելու հետևանքով, երեքշաբթի` Առողջ սննդի օրը մամուլի ասուլիսում ասաց էնդոկրինոլոգ և դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։

«Իմ հիվանդների հետ շփման փորձից ելնելով` կարող եմ նշել, որ մարդիկ հազվադեպ են մտահոգվում առողջ սննդի դերի և կարևորության մասին։ Հիմնականում ավել քաշ ունեցող և են իրենց կազմվածքին հետևող կանայք են մտահոգվում այդ հարցով։ Բայց ավելի կարևոր է ճիշտ սննդակարգին հետևել առողջության պահպանման համատեքստում», – ընդգծեց Աբովյանը։

Նա ավելացրեց, որ երիտասարդ տարիքում, որպես կանոն, կարելի է չնկատել սխալ սնվելու հետևանքները, բայց տարիքի հետ դրանք անպայման կսկսեն ի հայտ գալ։

«Երբ իմ հիվանդները հարցնում են ինձ` ինչ է կարելի օգտագործել սննդի մեջ, ես պատասխանում եմ, որ կարելի է ուտել այն ամենն, ինչը սնունդ է համարվում, քանի որ այսօր շուկայում կան բազմաթիվ մթերքներ, որոնք ուտելիք չեն, և որոնք պատրաստելու համար օգտագործում են տարբեր քիմիական նյութեր», – նշեց Աբովյանը։

Նա նաև ավելացրեց, որ կարևոր են սանիտարահիգիենիկ պայմանները, որոնցում պահվում է սնունդը, քանի որ սխալ պահպանման արդյունքում առաջանում է թունավորվելու շատ մեծ վտանգ, հատկապես ամառվա շրջանում։

«Խանութում կարելի է գնել շատ որակյալ մթերք, սակայն եթե այն պահվի վատ սանիտարահիգիենիկ պայմաններում, դրանք կարող են վտանգավոր դառնալ առողջության համար», – ընդգծեց Աբովյանը։

Իր հերթին հոգեբան Նաիրա Վանյանն ավելացրեց, որ պետք է ուտել ամեն ինչ չափավոր քանակությամբ։

«Սնունդն օգտագործելիս պետք է պատկերացնել, թե ինչից է այն բաղկացած և ինչպես է պատրաստված, եթե դա հնարավոր է անել, ապա սննդամթերքը վտանգավոր չէ։ Տարբեր քիմիական վերամշակման ենթարկված և բազմաթիվ հավելումներով պատրաստված սննդամթերքը մեծ կալորիականություն ունի», – նշեց հոգեբանը։

Նրա խոսքերով` այնպիսի «համեղ» կերակուրն, ինչպիսին է արագ սնունդը (fastfood), առաջացնում է ընտելացում։ «Անհրաժեշտ է ճիշտ սնվելու մեխանիզմ մշակել, չի կարելի չուտել, կամ, հակառակը, շատ ուտել, քանի որ դա սննդային սովորությունների խախտում է», – նշեց Վանյանը։

«Գոյություն ունի սննդի վերաբերյալ երկու շատ տարածված մոտեցում` կապված մարդու հոգեբանական խնդիրների հետ. որպես կանոն` մարդիկ սկսում են շատ ուտել, կամ, հակառակը, հրաժարվել սննդից։ Երկու այս մոտեցումներն էլ գրագետ չեն և խնդրի լուծում չեն», – ավելացրեց Վանյանը։

Նա նշեց, որ առողջ սննդի սովորությունը պետք է սերմանեն ծնողները, քանի որ երեխաները, որպես կանոն, սնվում են նրանց օրինակով։ -0-